You are here

Ինչո՞ւ Apple-ը թողարկեց iOS 13.1 բետան նախքան iOS 13 վերջնականացումը

Վերջերս Apple-ը թողարկեց նոր iOS 13.1 բետա տարբերակը: Սկզբում բոլորը կարծեցին, թե Կուպերտինոյում ուղղակի սխալվել են թարմացման համարակալման հարցում ու շուտով կթողարկեն պատչ, որն ամեն ինչ կվերադարձնի նախնական վիճակին: Սակայն ուսումնասիրությունը ցույց տվեց, որ մեր առջև իրական iOS 13.1 բետա տարբերակն է, որն ի դեպ ստացել է հանրային թեստավորման թույլտվություն: Դա բավական անսպասելի էր, եթե հաշվի առնենք, որ սովորաբար Apple-ը միաժամանակ երկու ՕՀ չի փորձարկում՝ առանց ընդմիջելու և վերջնականացնելու: Բայց այս անգամ ամեն ինչ տրամաբանական է:

Apple-ը չի հասցնում
Apple-ին հազվադեպ է հաջողվում թեստավորել և թողարկել բոլոր նորամուծությունները, որոնք հայտարարվել են WWDC-ում: Արդյունքում iOS X.0 տարբերակը ավելի քիչ գործառույթներ ունի, քան հայտարարվել էր շնորհանդեսի ժամանակ, իսկ մնացած գործառույթները թողարկվում են պատրաստ լինելուն պես՝ երկրորդ կամ նույնիսկ երրորդ թարմացումների ժամանակ: Մեկ տարի առաջ այդպես էր FaceTime-ի խմբակային տեսազանգերի, AirPlay 2-ի և iMessage-ի սինխրոնիզացիայի հարցը: Այս պատճառով լրամշակումները սուսուփուս իրականացնելու փոխարեն iOS 13.1 թողարկումով ուզում են ցույց տալ, որ չեն մոռացել խոստման մասին:

Թարմացումների բարդությունը
Ժամանակի ընթացքում Apple-ի օպերացիոն համակարգն ավելի ու ավելի է բարդանում, և ուստի դրա թեստավորման վրա ավելի շատ ժամանակ է ծախսվում: Եթե նախկինում ընկերությունը iOS նոր տարբերակները թողարկում էր 5-7 բետա տարբերակներից հետո, ապա այժմ բետա տարբերակների քանակությունը գերազանցում է 10-ը՝ հաստատելով առաջ քաշված տեսությունը: Յուրաքանչյուր նոր տարբերակի թետավորման համար ավելի ու ավելի շատ ժամանակ է պահանջվում, ինչպես iOS 13.1-ի դեպքում: Չի բացառվում, որ նոր թեստային տարբերակների թողարկումներում մենք կտեսնենք նորանոր գործառույթներ, որոնք Կուպերտինոյում ցանկանում են կատարելության հասցնել:

Հավելվածների կարգավորումը
Հավանական է՝ արդեն նկատել եք, որ Apple-ն իր օպերացիոն համակարգերի բետա տարբերակները թողարկում է երկու փուլով: Սկզբում թողարկվում են հավելվածներ մշակողների համար, իսկ հետո՝ նրանց համար, ովքեր օգտվում են վաղ հասանելիության ծրագրից: Բայց եթե երկրորդներն ուղղակի ցանկանում են նոր ֆունկցիաներն ունենալ մյուսներից շուտ, ապա առաջինների համար թեստային տարբերակներն անհրաժեշտ են, որպեսզի կարգավորեն հավելվածների աշխատանքը՝ ապահովելով դրանց համակողմանի համատեղելիությունը թարմացման նորամուծությունների հետ: iOS 13-ի վերջնականացումից առաջ բետա iOS 13.1-ի թողարկումն ուղղակի ևս որոշակի ժամանակ է տալիս հավելվածներ մշակողներին:

Նշանակո՞ւմ է դա արդյոք, որ այժմ Apple-ն ընդհանրապես ընդմիջումներ չի տա վերջնականացումների համար, այլ մշտապես կթեստավորի թարմ բետա տարբերակները: Ավելի հավանական է, որ ոչ: iOS 13.1-ը բացառություն է նորամուծությունների մեծ քանակության պատճառով, և ուստի ընկերությանը հնարավորինս շատ ժամանակ էր անհրաժեշտ բոլոր նախատեսված գործառույթների թեստավորման և կարգավորման համար: Մյուս կողմից, Apple-ին ոչ մի բան չի խանգարում, որ նույն կերպ վարվի այսուհետ՝ ՕՀ յուրաքանչյուր նոր տարբերակը թեստավորելով ավելի երկար, որպեսզի ապահովի մեզ ամենալավ և կայուն օպերացիոն համակարգով:

fix apple products